Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ֆրանկոֆոնիան հայտնագործել նորից

Ֆրանկոֆոնիան հայտնագործել նորից
13.10.2018 | 11:08

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը պետք է նորացում ու իր դերի և խնդիրների վերաիմաստավորում` այս կոչով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 11-ին ելույթ ունեցավ Երևանում` ֆրանսալեզու երկրները միավորող համաժողովի բացմանը: Դիմելով 40 պետությունների ղեկավարների, որ ժամանել էին Երևան, Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ անհրաժեշտ է վերաիմաստավորել (réinventer) դերն ու խնդիրները կազմակերպության, որ միավորում է 84 պետություն (58 անդամ և 26 դիտորդ պետություն): Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը, որին հաճախ մեղադրում են «ավելորդ ձևականությունների» մեջ, չպետք է մնա միավորում կամ «ակումբ», որտեղ իշխում են «պայմանականություններն» ու «հոգնությունը»` գտնում է Էմանուել Մակրոնը: Ֆրանսախոս երկրների միավորումը պետք է ուժեղացնի իր ազդեցությունը համաշխարհային քաղաքականության մեջ ֆրանսերենն ու ընդհանուր արժեքները առաջ մղելու համար` բազմաբևեռությունը, բնապահպանությունը ու մարդու իրավունքները: Ֆրանսիայի նախագահը կոչ արեց ուժեղացնել ֆրանսերենի դերը միջազգային հարաբերություններում ու միջազգային կառույցների աշխատանքում` ՄԱԿ-ում ու ԵՄ-ում մասնավորապես: Ֆրանսերենը պետք է դառնա նորարարական նախաձեռնությունների միջոց, «ստեղծագործության ու արարումի լեզու» (langue de creation)` ի հակակշիռ անգլերենի, որ դարձել է «սպառման լեզու» (langue de consummation) ու «առօրեայի լեզու» (langue d'usage)` հայտարարեց Մակրոնը: Նա աջակցություն հայտնեց ֆրանսալեզու գրողների միջազգային կոնգրեսի ստեղծմանը:

Այս նախաձեռնությամբ հանդես են եկել գրող Լեյլա Սլիմանին ու Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազ Նիսենը (Լեյլա Սլիմանին մարոկոյական ծագմամբ ֆրանսիացի գրող է, Գոնկուրի մրցանակի 2016-ի դափնեկիր, Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդում): Երևանյան վեհաժողովի բացման խոսքում Ֆրանսիայի նախագահը ֆրանկոֆոնիայի գերակա խնդիր անվանեց երիտասարդների հետ աշխատանքը, հատկապես Աֆրիկյան երկրներում, որտեղ ապրում է մոլորակի ֆրանսալեզու բնակչության նշանակալից մասը: Աֆրիկյան մայրցամաքում կազմակերպությունը պետք է ակտիվացնի կրթության համընդհանուր իրավունքի, կանանց իրավունքների համար ու ամենաթողության դեմ պայքարը: Մակրոնը անհրաժեշտ է համարում ուժեղացնել Ֆրանկոֆոնիայի դերն ու կշիռը ՄԱԿ-ում ու բազմաբևեռ աշխարհի կառուցման մեջ:
RFI


Հ.Գ. Այս համատեքստում հասկանալի է դառնում` ինչու՞ Ֆրանսիան չի պաշտպանում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար, Կանադան ներկայացնող Միկայել Ժանի թեկնածությունը և նախընտրում է հիմնականում անգլիախոս Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոյին: 2018-ի փետրվարին Էմանուել Մակրոնը տևական այց կատարեց Աֆրիկա` լինելով ֆրանսալեզու երկրներում: Պետության ղեկավարների հետ հանդիպումներում ու հրապարակային ելույթներում Ֆրանսիայի նախագահը շեշտը դնում էր կրթության կարևորության և մարդու իրավունքների պաշտպանության, համընդհանուր արժեքների հասանելիության անհրաժեշտության վրա: Ֆրանկոֆոնիայի այս համաժողովի անակնկալներից դարձավ Սաուդյան Արաբիայի դիտորդական հայտի հետկանչը` Էր Ռիադը վիրավորված է մարդու իրավունքների ոտնահարումների քննադատությունից:
Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը` օրակարգում ունենալով գլխավոր քարտուղարի զեկույցը, և նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը, հայտարարությունների ու բանաձևերի ընդունումը, հաջորդ գագաթաժողովի վայրի ու ժամկետի ընտրությունը: Օրավարտին հայտնի դարձավ, որ Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոն է ընտրվել ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար 4 տարով, իսկ հաջորդ գագաթաժողովը երկու տարի հետո կընդունի Թունիսը: «Հայաստանն այսօր մեծ հպարտություն է զգում միջազգային այսպիսի միջոցառման հարթակ լինելու համար»` ՖՄԿ գագաթաժողովի եզրափակիչ ասուլիսում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Նա վստահեցրեց. «Մեր սրտերում կմնան համակեցության այն վառ օրերը, որոնց շնորհիվ Ֆրանկոֆոնիայի ավանը դարձավ Ֆրանկոֆոնիայի հիշատակման հիանալի մի վայր»: Նախարարը կարևորեց ՖՄԿ գագաթաժողովին անդամ երկրների մասնակցությունը: «Հատկապես մեր մտքերի որակյալ փոխանակման և կառուցողական երկխոսության համար՝ Հաայաստանի կողմից առաջարկված «Ապրելով միասին» կարգախոսի շուրջ»,- ասաց նա: Նախարարը նշեց, որ ընդունելով այդ գաղափարախոսությունը և Երևանյան ակտը՝ իրենք ուրվագծել են ճանապարհային քարտեզ, որը սահմանում է այն նպատակները, որ մենք որդեգրել ենք մեր հասարակությունների առջև ծառացած հիմնական մարտահրավերներին դիմակայելու համար: Որպես ՖՄԿ նախագահությունը ստանձնած երկիր, Հայաստանը մի շարք նախագծեր կիրականացնի ՖՄԿ-ի հետ, սերտ համագործակցություն զարգացնելով միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ` ԵԽ-ի, ՅՈւՆԵՍԿՕ-ի: Ըստ նրա՝ կաշխատեն Երևանում տնտեսական ֆորումի ժամանակ հիմնված թվային տեխնոլոգիաների նախարարների ցանցի հետ, նախատեսում են նաև ֆորումներ տնտեսական ինտեգրացիան զարգացնելու համար: «ՖՄԿ-ի տնտեսական ռազմավարությանը համապատասխան՝ մենք Հայաստանում կկազմակերպենք տնտեսական ֆորում՝ Ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային կազմակերպությունների միջև տնտեսական զարգացման համար»,- ասաց նա:
Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ասուլիսին չէին մասնակցում, ոչ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Էմանուել Մակրոնը, որ Հայաստան այցը պաշտոնականից իջեցրել էր աշխատանքայինի մակարդակի` պետությունների այլ ղեկավարներից չտարբերվելու պատճառաբանությամբ, Երևանից տիկնոջ հետ մեկնելու է Բաքու:


Երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել էր Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի Արցախյան հիմնահարցին առնչվող մասին՝ «ստահոդ» և «իրականությունից հեռու» անվանելով: Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է Հայաստանի իշխանություններին «հարյուր հազարավոր ադրբեջանցի փախստականների» մասին ճշմարտությունը թաքցնելու և բանակցային խաղաղ գործընթացի սկզբունքներին հակասելու համար:


Ըստ Բաքվի` Փաշինյանի վերջին ելույթը հակասում է Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ոգուն, գրում է minval.az-ը:
«Հայաստանը պետք է գործի՝ համաձայն միջազգային հանրության դիրքորոշման ու իր ստանձնած պարտավորությունների, կառուցողական կերպով մասնակցի բանակցություններին, որոնք ուղղված են հակամարտության հնարավորինս արագ կարգավորմանը»,- գտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ հավելելով, որ հայկական զորքերը պետք է «դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից», որից հետո միայն կարող է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատվել:
Սա, թերևս, արվել է հենց Մակրոնի համար, որ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի նախագահ Ադրբեջանի նախագահի հետ քննարկելու է նաև Արցախի հարցը: Բաքուն, իհարկե, չի նշել, որ Դուշանբեի «հանդիպման ոգին» առաջինը ինքն է գնդակահարել` սահմանային կրակոցներով: Սպասենք Մակրոն-Ալիև հանդիպմանը Բաքվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2562

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ